Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Տեղեկատվական երկիր», «էլեկտրոնային հանրություն»

«Տեղեկատվական երկիր», «էլեկտրոնային հանրություն»
27.06.2008 | 00:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ. «DIGITEC BUSINESS»
Մեր հանրության շրջանում «DigiTec Business» գործարար համաժողովն արդեն կայուն վարկ և ճանաչում ունի: Այլ խոսքերով` այս էլ որերորդ անգամ գործարար աշխարհի ամենատարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության փաստարկով կազմակերպվող այս համաժողովը ճանաչման կամ ներկայացման կարիք ուղղակի չունի, և երեկ մենք ընդամենը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում էինք, որպեսզի տեսնեինք, թե այս տարի ովքեր են մասնակցում համաժողովին, ինչ է ցուցադրվում կամ առաջարկվում մասնակիցների կողմից գործարար աշխարհին ու մեր կառավարությանը, որը, ի դեպ, խոստանում է առաջինը լինել գոնե էլեկտրոնային կառավարման իմաստով, նաև առանձին սրահներում ընթացող քննարկումներին ու սեմինարներին ուշադրություն դարձնել:
Հետաքրքիր էր, որ չնայած համաժողովի կազմակերպիչն առաջվա պես «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն» էր` տնօրեն Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, այդուհանդերձ, այս անգամ ավելի զգալի էին ներկա բազմաթիվ ընկերությունների թե´ ջանքը, թե´ իսկապես նոր-թարմ-«էլեկտրոնային-տեղեկատվական երկիր, հանրություն» ունենալու նրանց ցանկությունը: Այդ էր պատճառը, որ մոտ 17 ընկերություններ և 30 զեկուցողներ երեկ ներկայացրին և այսօր էլ պիտի շարունակեն ներկայացնել առօրյա բիզնեսի համար նախատեսված ՏՏ նորագույն լուծումները, ընդ որում` Կարեն Վարդանյանի ներկայացմամբ, գովելի է, որ այս անգամ հատկապես «զարմանալիորեն բարձր է եղել հետաքրքրությունը առողջապահության ոլորտի ձեռնարկությունների կողմից»: Ի միջի այլոց, բավական երկար շրջելով, նկատեցինք, որ այս անգամ մի քանի նորարարություններ էլ կային. օրինակ` խորհրդատուների սրահում ՏՏ ոլորտի տարբեր մասնագետներ շատ սիրալիր և մանրամասն կերպով տրամադրում էին խորհրդատվություն, թե գործարարները որտեղ և ինչպես կարող են կիրառել ՏՏ ոլորտի իրենց արտադրանքը, իսկ ահա կառավարության սրահում հնարավոր էր խորհրդատվություն ստանալ պետական քաղաքականության, մասնավորապես` մաքսային ու հարկային հարցերի առնչությամբ: Իսկ դա նշանակում է, որ «Մայքրոսոֆթ Ար Էյ», «Սմարթ սիսթեմս», «Արմենիան Դեյթաքոմ Քոմփանի», «Յունիքոմփ», «Բիլայն», «Գրանդ Թորնթոն Ամիօ», «Ինտել» և այլ խոշորագույն ընկերությունների կողքին նաև կառավարությունից ներկայացուցիչներ կային, ովքեր պիտի որ շատ շահագրգիռ լինեին մանավանդ բիզնեսի և պետության փոխգործակցության հարցերի քննարկման կամ առողջապահության, տուրիզմի, ՓՄՁ-երի բնագավառում առաջարկվող լուծումների հարցում:
Համաժողովն անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեց, միանգամից էլ նշելով, որ կառավարության դիրքորոշումը ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հարցում հստակ է. Հայաստանն այլընտրանք չունի և այն գերակայություն է համարում: Վարչապետի կարծիքով` «օբյեկտիվորեն է այդպես ստացվում», քանի որ «մեզ համար միայն մտավոր պոտենցիալի զարգացումը կարող է հիմնական մրցակցային առավելություն հանդիսանալ»: Հանգամանք, որը մեզ մղում է այս ոլորտում առավելագույնս ներդրումներ անել, մանավանդ որ «անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների», առանց «հանրության համար պրոգրեսիվ զարգացում ապահովելու», «կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու» և «կյանքը հարմար դարձնելու»: Ողջունելով ֆորումի աշխատանքները` վարչապետը հատկապես կարևորություն տվեց դրա արդյունքների ամփոփմանն ու այն առաջարկներին, որոնք քննարկումների ընթացքում կմշակվեն: Նաև ընդգծվեց, որ «ֆորումի հիմնական խնդիրը պիտի դառնա առկա հիմնախնդիրների վերհանումը, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը»: Այսպիսով, համաժողովից ակնկալելով «նոր, թարմ գաղափարներ», վարչապետը խոստացավ, որ կառավարությունը ոչ միայն անպայման կաջակցի, որ դրանք կյանքի կոչվեն, այլև էլեկտրոնային կառավարում ասված հավակնոտ ծրագիրը կառավարությունը հենց իրենից կսկսի, «որպեսզի հաղթահարենք համակարգային թերությունները»:
«DigiTec Business» գործարար համաժողովի նպատակն ու առաջարկը պարզ է. ինչպես «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, «այն խնդիր ունի ներկայացնել ապրանքներ և ծառայություններ, որոշակի ՏՏ տեխնոլոգիաներ, որոնց ներդրումն ու կիրառումը մեր ձեռներեցին հնարավորություն կտան մոտ 50 տոկոսով բարձրացնել իր աշխատանքի արդյունավետությունը, անհրաժեշտության դեպքում` այսպես կոչված դիագնոստիկայի ենթարկել քո ունեցած թույլ կետերն ու գտնել դրանց լուծումները, բոլորովին նոր մշակույթ ներդնել թե քո կառույցի ներսում, թե գործընկերների ու պետության հետ շփումներում: Ամենալավն այն է, որ երբ պետությունը, կառավարությունն էլ են այս գիտակցությունն ունենում, իսկ դուք տեսնում եք, որ այն կա, ոչ միայն ոլորտը կամ բիզնեսն է զարգանում, այլև ինքը` հասարակությունը»:

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 12584

Մեկնաբանություններ